Ալեքսանդր Բերեզովսկին Հայաստանում հայտնի անձնավորություն է: Նա պատասխանատու պաշտոն է վարում մեր երկրի ոստիկանական համակարգում, նախկինում ճանաչված հեծանվորդ է եղել, շուրջ մեկ տարի Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահն է: Սակայն, չգիտես ինչու, նրան ավելի շատ ճանաչում են որպես ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբոր: Ի դեպ, եղբայրներն իրար շատ նման են: Ընդ որում, ռուսական ծագում ունենալով, նրանք մեր լեզվին ոչ միայն փայլուն տիրապետում են, այլև խոսում են գրական հայերենով: Ալեքսանդրի հետ մեր զրույցն էլ ծավալվեց նախ ֆուտբոլի, ապա հեծանվային սպորտի շուրջ:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականները միևնույն խմբում են ընդգրկված, երկուսն էլ հաջող են սկսել խմբային պայքարը, իսկ մարտին Երևանում մրցելու են իրար հետ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոմանը ներկայումս հանդես է գալիս մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի կազմում, ապա հետաքրքիր իրավիճակ է սպասվում: Փաստորեն, նա մրցելու է ռուսական ֆուտբոլի այն աստղերի հետ, որոնց շատ լավ է ճանաչում։ Իսկ ռուսական ակումբային ֆուտբոլը ներկայումս բարձր մակարդակ ունի, և այդ երկրի ներկայացուցիչներին իրավունք է վերապահվել հյուրընկալելու 2018-ի աշխարհի առաջնության մասնակիցներին: Ալեքսանդրին հարցրինք` հույս ունի՞, որ առաջիկա խաղում իր եղբոր թիմը` Հայաստանի հավաքականը, կկարողանա հաղթել Ռուսաստանի ընտրանուն: Ընդ որում, այդ խաղը երկու երկրների ներկայացուցիչների համար շատ կարևոր է և, փաստորեն, հաղթողի համար լավ հնարավորություններ կստեղծվեն հաջորդ փուլ դուրս գալու: «Մարդն առանց հույսի ապրել չի կարող: Եթե այդ հավատը չլինի, մեր կյանքն անիմաստ կդառնա: Նույնն է նաև սպորտում, ֆուտբոլում: Այնպես որ, մնում է համբերատար լինենք և սպասենք»,- ասաց հեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը: Նա արդեն տևական ժամանակ գլխավորում է այս կազմակերպությունը: Ինքնին հարց է ծագում, թե այդ ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ որևէ բան հաջողվե՞լ է անել: Պարզվում է` ակնառու առաջընթաց կա: Բանն այն է, որ 2010-ին, նախորդ տարվա համեմատությամբ, մեր երկրի մարզիկներն ավելի շատ մրցումների են մասնակցել, միջազգային մեկնարկներում պարգևների արժանացել: Հեռանկարային ծրագրեր կան, որոնք կապված են Իսակովի պողոտայում կառուցվող նոր հեծանվահրապարակի հետ: Այդ կառույցը շահագործման հանձնելուց հետո նոր հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում հեծանվային սպորտը զարգացնելու համար: Շինարարները խոստացել են, որ կառույցը 2011-ին արդեն պատրաստ կլինի: Դրա համար էլ շինարարական աշխատանքներն անգամ ձմռան ցրտին չեն դադարեցվում: Թերևս, պատճառն այն է, որ հին, Երևանի կրկեսի հարևանությամբ գտնվող «Հայաստան» մարզական միության հեծանվահրապարակը քանդվելու է միայն այն բանից հետո, երբ պատրաստ կլինի նոր հեծանվահրապարակը: ՈՒ թեև նոր կառույցը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիային անմիջականորեն չի պատկանելու, սակայն Բերեզովսկին դարձյալ ուրախ է, քանի որ այն ծառայելու է հեծանվորդներին: Նա դժգոհ չէ նաև այն բանից, որ հեծանվորդների հիմնական մարզաբազան մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխվելու է ծայրամաս: Թերևս, դրա պատճառն էլ այն էր, որ կիսաավերակ հեծանվահրապարակին փոխարինելու է ժամանակակիցը, որը համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակիցներ կունենա՞, ֆեդերացիայի նախագահն ուշագրավ նորություն հայտնեց. «Բանակցություններ ենք վարում օտարերկրացի մի քանի մարզիկների հետ, որպեսզի նրանք համալրեն Հայաստանի հավաքականը: Դա ընդունված է ողջ աշխարհում: Տարբեր երկրների հավաքականների կազմերում էլ կան օտարազգիներ, դրսից հրավիրված մարզիկներ: Հեռու չգնանք, Ադրբեջանի հավաքականում են ուկրաինացի հեծանվորդներ, իսկ այդ երկրի ազգային հավաքականը մարզում են ուկրաինացի մարզիչները: Եթե համաձայնության գանք այն հեծանվորդների հետ, որոնց ցանկանում ենք տեսնել մեր թիմում, ապա նրանց Հայաստանի քաղաքացիություն կշնորհվի, և այլևս ոչ մի խնդիր չի առաջանա, որպեսզի այդ մարզիկները պաշտպանեն մեր երկրի պատիվը: Քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են, չեմ ցանկանում անուններ հրապարակել, միայն կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականում հնարավոր է լինեն ուկրաինացի, ռուս, մոլդովացի մարզիկներ: Կարևորն այն է, որ հրավիրված հեծանվորդները կարողանան օլիմպիական ուղեգրեր բերել մեր երկրին»,- ասաց Բերեզովսկին:
Ի դեպ, Հայաստանն էլ ունի հեծանվորդներ, ովքեր մարզվում, մրցելույթներ են ունենում արտասահմանյան ակումբներում կամ էլ ցանկանում են տեղափոխվել Եվրոպա: Նրանց հետ էլ են հույսեր կապում, սակայն միայն այդ ուժերը բավարար չեն արդյունքի հասնելու համար: Շվեյցարիայում բնակվող Տիգրան Կորկոտյանը հեռացել է մեծ սպորտից, սակայն Իսպանիայի Բարսելոն քաղաքում հանդես եկող Սերգեյ Սարկիսովը կարող է շատ բան անել Հայաստանի հավաքականի համար: Պարզապես հեծանվասպորտն այժմ շատ արագ է զարգանում, մարզիկները ֆանտաստիկ արդյունքներ են ցույց տալիս, և նվաճումների հասնելու համար պետք է հարմարավետ պայմաններում պարապեն, լավ մարզավիճակում լինեն, իսկ մեր հեծանվորդներից ոչ բոլորը նման հնարավորություններ ունեն: Դրանով է բացատրվում, որ այժմ Հայաստանի հավաքական են հրավիրվելու պատրաստի կադրեր, նրանք, ովքեր ի վիճակի են կատարելու օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնելու բարդ առաջադրանքը:
Երկար ժամանակ է` չի մարզվում մեր ամենահեռանկարային երիտասարդ հեծանվորդը` երևանցի Սուրեն Պետրոսյանը: Թե որն է նրա հեռանալու պատճառը, միայն իրեն է հայտնի: Նա ներկայումս ուժերն է փորձում ըմբշամարտում: Սակայն երևում է, որ շնորհալի այս մարզիկն ինչ-որ բանից նեղացած է: Մինչդեռ իզուր, Պետրոսյանը, չնայած երիտասարդ տարիքին, միջազգային ստուգատեսներում բավականին բարձր արդյունքների է հասել։ Թե ի՞նչ է լինելու նրա հետագա ճակատագիրը, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահը դժվարացավ ասել, միայն նշեց, որ եթե Սուրենն առաջիկայում չվերսկսի պարապմունքները, այլևս այդ մարզիկի հետ հույսեր կապել չեն կարող:
Դեռևս պարզ չէ, թե «Լոնդոն-2012»-ի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար ի՞նչ է պահանջվելու հեծանվորդներից: Բանն այն է, որ առայժմ մտածում են միայն մարզիկներ գտնելու մասին, իսկ հետո արդեն կորոշվի, թե նրանք ինչ մեկնարկների մասնակցելով կկարողանան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Մեր երկրի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ եթե Հայաստանն առաջիկա օլիմպիական խաղերում մասնակից ունենա, անկախ այն բանից, թե նա ինչ արդյունք ցույց կտա, դա Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչների համար մեծ ձեռքբերում կարող է համարվել: Փաստն այն է, որ օլիմպիական խաղերում երկար ժամանակ մեր երկիրը հեծանվորդ մասնակիցներ չի ունեցել։
Ինչ վերաբերում է Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին, ապա կնճռոտ հարցերից գլխավորն այն է, որ քիչ են ժամանակակից հեծանիվները: Դրանք թանկ արժեն, գրեթե ավտոմեքենաների գների են, իսկ առանց բարձրորակ հեծանիվների հնարավոր չէ միջազգային ստուգատեսներում արդյունքի հասնել: Սակայն Բերեզովսկին լավատես է, քանի որ այդ խնդրի լուծումն ընթացքի մեջ է: Նա ժամանակավոր համարեց ստեղծված իրավիճակը, կապելով այն վերջին շրջանում աշխարհում, նաև Հայաստանում առաջացած տնտեսական դժվարությունների հետ: Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է հեծանվային սպորտի միջազգային տեխնիկական կենտրոն: Արդեն մեկ տարի է, որ չի գործում հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում, հանրապետական հեծանվային սպորտի բազայի վրա հիմնված, հեծանվային սպորտի նախկին կենտրոնը: Այժմ փորձում են նոր մարզաբազա ընտրել: Նոր կենտրոնը կբացվի առաջիկայում: Դրա հիմնումից հետո, կրկին աջակցության կարգով, հեծանվային սպորտի միջազգային կազմակերպություններից կստացվեն մարզագույք, մարզահագուստ: Նոր կենտրոնը հասարակական կառույց է լինելու և չի գործելու որևէ գերատեսչության, կազմակերպության ենթակայությամբ, սակայն իր աշխատանքն ամբողջովին նպատակաուղղելու է Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Ինչ վերաբերում է մեր ուժեղագույն հեծանվորդների առաջիկա ծրագրերին, ֆեդերացիայի նախագահն ասաց. «Նախատեսվում է հունվար-փետրվար ամիսներին ուսումնամարզական հավաք անցկացնել Տավուշում: Թերևս, ավելի հարմար վայր Հայաստանում չկա: Կարևորն այն է, որ մարզաբազայում տաք լինի: Ֆեդերացիայի ունեցած ֆինանսները սահմանափակ են: Այս տարի էլ աջակցության կարգով կազմակերպությանը հատկացվելու է 10 մլն դրամ, նույնքան, որքան նախորդ տարի: Այդ է պատճառը, որ չենք կարող հեծանվորդներին ուսումնամարզական հավաքների ուղարկել արտասահման: Ֆեդերացիան փորձում է հովանավորներ գտնել` ֆինանսական խնդիրները կարգավորելու: Փորձը ցույց է տվել, որ անգամ սուղ միջոցներն արդյունավետ օգտագործելով կարելի է լավ արդյունքի հասնել, ուստի փորձում ենք գտնել աշխատանքի կազմակերպման նոր ձևեր»:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ